«Այս պահից ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը՝ լավագույնն աշխարհում, կսկսեն Հորմուզի նեղուց մտնող կամ այնտեղից դուրս եկող բոլոր նավերի շրջափակման գործընթացը։ Ինչ-որ պահի մենք կհասնենք «Մուտքը թույլատրված է բոլորին, ելքը թույլատրված է բոլորին» սկզբունքին: Ես նաև հանձնարարել եմ մեր ռազմածովային ուժերին միջազգային ջրերում որոնել և կանգնեցնել յուրաքանչյուր նավ, որն Իրանին տուրք է վճարել»,- հայտարարել է Դոնալդ Թրամփը։                
 

Տարածաշրջանը կրկին վտանգավոր սահմանագծի վրա է

Տարածաշրջանը կրկին վտանգավոր սահմանագծի վրա է
12.04.2026 | 12:08

Շուրջ 21 ժամ տևած Իրան-ԱՄՆ բանակցությունները ավարտվեցին առանց համաձայնության։

Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ։ Սա շատ ավելի վտանգավոր մի վիճակի` կառավարվող անորոշության, սկիզբ է։

Երբ պատերազմը չի ավարտվում, բայց նաև չի շարունակվում ամբողջ ուժով, երբ խաղաղությունը չի հաստատվում, բայց նաև չի բացառվում, աշխարհը մտնում է ամենավտանգավոր փուլերից մեկը. այն փուլը, որտեղ սխալ հաշվարկը կամ արկածախնդրությունը կարող է ավելի արագ պայթեցնել իրավիճակը, ընդ որում, ավելի ուժգին ու անդառնալի։

Այսօր հենց այդ կետում է մեր տարածաշրջանը։ Եվ այստեղ կա մի կարևոր հանգամանք, որն այսօրվա Հայաստանում, այս կառավարման ներքո, անտեսվում է։

Իրանը մեզ համար պարզապես հարևան չէ։ Իրանը մեզ համար աշխարհաքաղաքական հավասարակշռության առանցք է։ Երբ այդ առանցքը դառնում է անկայուն, Հայաստանը հայտնվում է ճնշման տակ։ Անվտանգային ճնշում, տնտեսական ճնշում, տրանսպորտային և էներգետիկ ճնշում։

Հորմուզի նեղուցում լարվածությունը նշանակում է գների աճ, գների աճը նշանակում է ներքին սոցիալական լարվածություն, իսկ տարածաշրջանային անկայունությունը՝ արտաքին քաղաքական ռիսկերի կտրուկ մեծացում։

Սա շղթայական գործընթաց է, որը սկսվում է մեզանից դուրս, բայց շատ արագ հասնում է մեզ։

Եվ այստեղ ամենակարևոր հարցը սա է՝

արդյո՞ք մենք ունենք պետություն, որը կարող է այսպիսի պայմաններում հաշվարկել, կանխատեսել և գործել։

Որովհետև նման ժամանակներում քաղաքականությունը պետք է դադարի լինել PR, դադարի լինել ներքին անձնական ու նեղ խմբային առաջնահերթությունների սպասավոր և պետք է վերածվի այն բանի, ինչ իրականում պետք է լինի` պետության գոյության կառավարման արվեստի։

Այսօր աշխարհը մտնում է նոր վերադասավորումների փուլ։ Ովքեր ունեն սթափ միտք և ռազմավարական խորություն՝ դիմանում են։ Ովքեր ապրում են օրվա հարմարություններով՝ կորուստներ են կրում` գրեթե միշտ անվերադարձ։

Հայաստանի համար սա սոսկ հերթական նորություն չէ։ Սա հերթական փորձությունն է։

Եվ այս փորձության պատասխանն էլ նույնն է. կամ մենք թոթափում ենք ապազգայինն ու ձևավորում ենք պետական մտածողություն,

կամ շարունակում ենք մուրալ խաղաղություն և ենթարկվել ուրիշների որոշումներին։

Այլ տարբերակ պարզապես չկա։

Դավիթ Անանյան

Դիտվել է՝ 627

Մեկնաբանություններ